ՄՏԱՀՈԳԻՉ ԽՆԴԻՐ
Նունե Սարուխանյանի  դիտարկմամբ, գյուղատնտեսական հողատեսքերի, հատկապես վարելահողերի և բազմամյա տնկարկների, նպատակային ու արդյունավետ օգտագործման հիմնախնդիրը գնալով ավելի հրատապ է դառնում: Հանրապետության  գրեթե  բոլոր համայնքներում  միգրացիայի պատճառով  լքված հողատարածքների  խնդիրը մտահոգիչ է այն առումով, որ  դրանք  տարիների  ընթացքում ոչ միայն  չեն  մշակվում, այլև վնասում են հարակից  մշակվող  հողատարածքները:
-Այսօր գյուղատնտեսական հողերի վատթարացման և արդյունավետության նվազեցման  հիմնական պատճառը ոչ միայն կլիմայի  գլոբալ փոփոխությունն է, այլև   հողի էրոզիան, աղակալումը, քիմիական, կենսաբանական ու ռադիոակտիվ աղտոտումը, սողանքներն ու ջրհեղեղները: Արդյունքում տեղի է ունենում հողերի բերրիության անկում, կենսաբազմազանության կրճատում, տարածքների դեգրադացիա ու անապատացում: Այստեղ է, որ  օգնության  է  գալիս կայուն  գյուղատնտեսությունը, որի  ոսկի  կանոնն է՝ պահպանի՛ր հողը: Այսօր   բերրիության ահավոր անկում կա,   հողերի  բերրիությունը  2-3 անգամ  նվազել է,  խնդիրը  պետք է  մտահոգի և՛ կառավարությանը  և՛  գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող ՀԿ-ներին,- ասում է տիկին Սարուխանյանը:
Նրա  համոզմամբ, անմշակ  գյուղատնտեսական հողերի  վերաբերյալ  կառավարության ծրագիրը որոշ չափով  կկանխի հողերի դեգրադացումը: Հայաստանում գյուղատնտեսության զարգացման բնագավառի փորձառու  մասնագետի խոսքով` տարբեր մարզերում գերազանց մշակված  հողատարածքների  հարևանությամբ  կարելի է  տեսնել  նաև չմշակված,  մոլախոտերով  պատված  հողակտորներ, որոնք չարիք են մշակված  հողերի  համար, դրանք  ժամանակի ընթացքում  կվերածվեն արոտավայրերի, մացառուտների ու աղբավայրերի: ՈՒստի գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով կառավարության մշակած հայեցակարգի նախագիծը նրա  կարծիքով ճիշտ   և ժամանակին արված քայլ է: 
 
ՀՈՂԸ ԳՐԱԳԵՏ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Նունե Սարուխանյանի փոխանցմամբ`  իր ղեկավարած  ՀԿ-ի ուսումնական կենտրոնում  բազմաթիվ  ֆերմերներ հողի  գրագետ մշակման  և սեփական  տնտեսությունների զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն ու գիտելիքներ են ստացել: ՀԿ-ն նախատեսում է նմանատիպ ուսումնական կենտրոններ ստեղծել  նաև Տավուշի, Լոռու և Շիրակի  մարզերում: 
-Այսօր համացանցը  հեղեղված է բազմաթիվ  խորհրդատվական տեսաերիզներով, որոնք ավելի շատ  վնասում են գյուղատնտեսությամբ  զբաղվող մարդկանց, քանի որ յուրաքանչյուր  երկրի,  տարածաշրջանի  գյուղնշանակության  հողերն ունեն  իրենց  առանձնահատկությունները և, օտարինն ընդօրինակելով, սպասվող  արդյունքը կարող է  և հիասթափեցնել: ՈՒստի  կարծում եմ, որ ցանկալի է վերականգնել երբեմնի «Գյուղական  ժամ» հաղորդաշարը, որը  հսկայական  տեղեկատվական աջակցություն էր հողագործությամբ զբաղվողների համար: Մենք  ևս մտադիր ենք գյուղատնտեսության վերաբերյալ ուսուցողական  ֆիլմեր  պատրաստելու, որի  համար,  իհարկե  ֆինանսական  միջոցներ են  հարկավոր, որն այս  պահին  չունենք:
Նման հաղորդումներն ու ուսուցողական  ֆիլմերը  կօգնեն  նաև ջերմոցային  տնտեսությամբ  զբաղվել ցանկացողներին, մանավանդ որ ՀՀ  կառավարությունը որոշել է սուբսիդավորել ջերմատների  կառուցումը: 
-Այս  քայլը  նույնպես  կարևոր է, քանի որ փոքր  տարածքներից  ֆերմերները կարողանում են  ստանալ բարձր  բերք,  մեծ  եկամուտ, հատկապես, որ  պահանջարկը  կա: Տեսեք,  մեր ուսուցման  կենտրոնը բացի կրթական ու խորհրդատվական միջոցառումներ անցկացնելուց զբաղվում է  նաև տեղում էկոլոգիապես  մաքուր  գյուղմթերքների արտադրությամբ,  գյուղատնտեսական  ոլորտում  նոր  տեխնոլոգիաների  ներդրմամբ,  նյութատեխնիկական  աջակցություն է  տրամադրում ֆերմերներին  և  ֆերմերային  տնտեսություններին: ՈՒրախալի է, երբ  հաջորդ  հանդիպման  ժամանակ  նրանք ներկայանում են իրենց  ջերմատներում աճեցրած բնամթերքների որակով ու ստացվող  արդյունքով,- ասում է տիկին Սարուխանյանը:
Հողի  գրագետ մշակման, թունաքիմիկատները  չչարաշահելու  դեպքում փոքր  հողատարածքից  կարելի է ավելի շատ եկամուտ ստանալ,  քան  մեծ տարածքից: Այդ առումով  ջերմատները  նախընտրելի են, դրանք հնարավորություն  կտան զարգացնելու  տեղական  շուկան: Սակայն  ջերմատունն  ինքնին փակ  համակարգ է, որտեղ առկա են խոնավություն, բույսերի զանազան  հիվանդությունների ու  վնասատուների բարձր ռիսկայնություն, որտեղ  պահանջվում է  միջավայրի  համար օպտիմալ  ջերմաստիճանի պահպանում, ուստի այստեղ անհրաժեշտ են  բանիմաց  մասնագետներ: Տիկին Սարուխանյանն ուրախությամբ  նշեց,  որ Հայաստանի ազգային ագրարային  համալսարանի ագրոբիզնեսի ուսուցման  կենտրոնում բացվել է  ջերմատնային բաժին, որտեղ  գյուղատնտեսները մասնագիտանում են  նաև  ջերմոցային  տնտեսության  ոլորտում: 
Այնուհանդերձ,  հանրապետության  հատկապես  հեռավոր ու սահմանամերձ  համայնքներում գյուղատնտես մասնագետների  խիստ  կարիք  կա:
-Նախկինում մեծ ուշադրություն էր  դարձվում գյուղատնտեսական  կրթությանը, անգամ  դպրոցում  դասաժամեր  կային,  դպրոցական  նստարանից  աշակերտը դաստիարակվում էր հողի,  գյուղատնտեսության  հանդեպ սիրով: Նաև  կային  փորձացուցադրական  տնտեսություններ, որտեղ ապագա  գյուղատնտեսները հմտանում էին իրենց  մասնագիտության  մեջ: Այսօր նույն ագրարային  համալսարանում փորձ է արվում վերականգնելու  այդ արդյունավետ  պրակտիկան: Բացի այդ  գյուղատնտեսը պետք է  տիրապետի ու  հետևի գյուղատնտեսության  համաշխարհային  փորձին,  տեղեկատվությանն ու գիտության  առաջընթացին:   Սկսած  օգտագործվող  թունաքիմիկատներից,  մշակման եղանակներից,  կլիմայի  գլոբալ փոփոխությունից, այս ամենը մեծ ազդեցություն է ունենում գյուղատնտեսության  վրա, անգամ  հիվանդությունների  տեսակներն են  փոխվում,  մշակության  եղանակը,  դրա  համար    որակյալ  մասնագետներ ունենալը շատ  կարևոր է: Բայց հեռավոր գյուղերում աշխատելու համար  պետք է  նաև բարձր աշխատավարձով ու  կենցաղային  պայմանների ապահովմամբ շահագրգռել երիտասարդ  մասնագետներին: Այստեղ  պետությունը,  տեղական իշխանություններն անելիք ունեն,- հավելեց Նունե Սարուխանյանը:
 
Մասնագետի խոսքով` տարածաշրջանում,  օրինակ՝  Վրաստանում,  գյուղատնտեսության զարգացմանը երկրի  բնակլիմայական  բարենպաստ  պայմաններից  բացի   մեծապես  նպաստել է նաև ներդրումների հոսքը, որի արդյունքում հիմնվել են հարյուրավոր հեկտարներ հատապտուղների՝  հապալասի, ազնվամորու, ելակի և այլ տնկարկներ և տնկարաններ: 
Ինչ  վերաբերում է Հայաստանին, ապա տիկին Սարուխանյանը հավաստիացնում է, որ Հայաստանի  գյուղատնտեսությունը  հետ չի  մնում  հարևան երկրից, այլ ընդհակառակը: Վերջին տարիներին Հայաստանի օրգանական և կայուն   գյուղատնտեսության  զարգացմանն ուղղված բազմաթիվ միջազգային կառույցներ, ինչպիսիք են Եվրամիությունը, ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը,  ավստրիական զարգացման և շվեյցարական զարգացման գործակալությունները և այլն, բավականին աջակցություն են ցուցաբերում, և հիմնականում՝  հատապտուղների տնկարկներ, պտղատու այգիներ հիմնելու հարցում: Այս հարցում օժանդակում են  «Կանաչ արահետ» ՀԿ-ն, ինչպես  նաև մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ: Իսկ քանի որ այդ հատապտղային թփերն ու ծառերը զանգվածային բերքատվություն են ապահովում միայն կյանքի 4-5-րդ տարում, ուստի արդյունքը կարելի է ակնկալել ավելի ուշ:
 
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ